Թուրքիայի նախագահին աջակցում է ոչ ճնշող մեծամասնությունը, հանրաքվեի արդյունքները հարցեր են հարուցում, արտասահմանի հետ հարաբերությունները խարխլված են: Մինչդեռ երկատված երկրում սկսվում է նոր ընտրարշավ՝ գրում է Tagesspiegel-ը: Ռեջեփ Թայիբ Էրդողանը հաղթեց հանրաքվեում, որ որոշում էր Թուրքիայում նախագահական համակարգի հաստատման հարցը: Սակայն աննշան առավելությունը՝ ոչժողովրդավարական մեթոդների ամբողջ զինանոցի կիրառման համապատկերում, բոլորովին չի նշանակում զանգվածային աջակցություն, որ նա երազում էր: Սահմանադրության փոփոխությանը իրենց անհամաձայնությունն արտահայտեցին 80 միլիոն թուրքեր, որ ապրում են քաղաքներում: Հանրաքվեն նշանակեց անվստահության շրջանի սկիզբ, որ կարող է երկարել մինչև նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, որ երկու տարի հետո են: Հուսալքություն կա անգամ իշխող ԱԶԿ-ի մեջ: Էրդողանը խաղադրույքը դնում է հիմնականում պահպանողական ընտրողների վրա, իսկ նրանց օտար չեն իսլամիստական ու ազգայնական գաղափարները: Էրդողանի համար ցավոտ էր պարտությունը Ստամբուլում ու Անկարայում, որտեղ Սահմանադրության փոփոխությանը դեմ էր 51%-ից ավելին: Նախագահին ի վերջո փրկեցին Անատոլիան ու ոչ պակաս պահպանողական Սևծովյան նահանգները:
Ընտրատեղամասերի փակումից ընդամենը մի քանի ժամ անց Էրդողանը սկսեց 2019-ի ընտրարշավը՝ խոստացավ վերականգնել մահապատիժը, անհրաժեշտության դեպքում՝ նոր հանրաքվեով: Նրա հայտարարություններն ուղղված էին ազգայնականներին: Էրդողանն ու ԱԶԿ-ն, ամենայն հավանականությամբ, կմեծացնեն այլախոհների վրա գործադրվող ճնշումները, որ սանձած պահեն ընդդիմությանը: 2019-ին գլխավորը կլինի՝ կմիավորվե՞ն ընդդիմադիր ուժերը: Այսօր Էրդողանին քննադատող ազգայնական քաղաքական գործիչների հայացքներն ուղղված են ներքին գործերի նախկին նախարար Մերալ Ակշեներին: Եթե նրան կամ ընդդիմության այլ ներկայացուցչի հաջողվի 2019-ին առաջարկել Էրդողանին արժանի այլընտրանք, նախագահական համակարգը, որ մտածված է գործող նախագահի համար, կարող է այլ գործիչ գլխավորել: Առաջիկա ամիսներին Էրդողանի համար ներքին քաղաքականությունն արտաքինից կարևոր է լինելու: Ազգայնականներին իր կողքին պահելու համար Էրդողանը շարունակելու է սնուցել անցյալ տարվա ամռանը պետական հեղաշրջման փորձին ԱՄՆ հատուկ ծառայությունների մասնակցության առասպելը: Արևմուտքի հետ տարաձայնությունները նրան ավելի շատ օգնում, քան վնասում են: Արևմուտքը հնարավորություն չունի համոզիչ առարկել արտակարգ դրության պայմաններում անցկացված հանրաքվեի դեմ՝ մի քանի օրից Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են և որոշակի ժողովրդավարական նորմեր նույնպես սահմանափակվելու են՝ ահաբեկչություններից հետո մտցված հատուկ դրության պայմաններում:
Սյուզան ԳՅՈՒՍՏԵՆ, Մարկուս ԲԵՌՆԱՏ, Tagesspiegel
Հ.Գ. Պատկերացնո՞ւմ եք Էրդողանի ֆիասկոն, եթե նախագահական ընտրություններում չհաղթի: Փաստորեն երկու տարում նա պիտի երկրի բնակչության կեսին կամ համոզի, որ սխալ է իրեն բռնապետ համարելը, կամ բանտարկի, կամ արտաքսի, կամ սպանի: Հակառակ պարագայում՝ պարտվելու է՝ ինչքան էլ հոխորտա ու պատերազմի, օդից թշնամիներ հնարի ու պայքարի նրանց դեմ: Ֆեթուլլա Գյուլենը Էրդողանի փրկօղակն է՝ ինչ չի ստացվում, մեղավոր հռչակվում են Գյուլենն ու գյուլենականները, բայց հազիվ թե ութսունն անց ծերուկը մեղավոր է տնտեսական անկման ու Արևմուտքի հետ հարաբերությունները փչացնելու մեջ: Նկատեցի՞ք, որ Էրդողանին շնորհավորել են Ալիևը, Թրամփը, իսկ Պուտինը՝ դեռ ոչ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ